Ուռուցքաբանություն
Արգանդի քաղցկեղ. oncology.am
Ի՞նչ է արգանդի քաղցկեղը: Ընդհանուր տեղեկություններ հիվանդության մասին
Արգանդի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը զարգանում է արգանդի էպիթելիալ հյուսվածքներից և կարող է տարածվել այլ օրգաններ: Ներկայում արգանդի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ըստ համաշխարհային վիճակագրության՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 200-250 հազար կնոջ մոտ արգանդի քաղցկեղ է ախտորոշվում: Հիվանդությունն առավել հաճախ զարգանում է 55 տարեկանն անց կանանց մոտ, մինչև 40 տարեկան երիտասարդ կանանց մոտ հազվադեպ է արգանդի քաղցկեղ ախտորոշվում:
Արգանդի քաղցկեղ. պատճառները և զարգացման գործոնները
Գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք կարող են նպաստել արգանդի քաղցկեղի զարգացմանը: Այս հիվադության առաջացման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձր է այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծննդաբերել:
Արգանդի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոններից առանձնացնում են հետևյալները.
- Էնդոմետրիումի հյուսվածքների ակտիվ աճ: Էնդոմետրիումի հյուսվածքների հիպերպլազիան արգանդի մակերեսային բջիջների քանակի աճն է: Հիպերպլազիան քաղցկեղ չէ, սակայն որոշ պարագաներում հիպերպլազիան կարող է վերածվել չարորակ ուռուցքի: Ծանր և առատ դաշտանը հաճախ նման իրավիճակի նշան է:
- Ճարպակալում: Հայտնի է, որ ավելորդ քաշով կանայք առավել հակված են արգանդի քաղցկեղի զարգացմանը:
- Վերարտադրողական և դաշտանային անամնեզ: Արգանդի քաղցկեղը հաճախ առաջանում է այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծննդաբերել, ում դաշտանն սկսվել է մինչև 12 տարեկանը կամ շարունակվել է 55 տարեկանից հետո:
- Էսթրոգեններով երկարատև հորմոնային բուժում: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձր է այն կանանց մոտ, ովքեր երկարատև ընդունել են միայն էսթրոգեն (առանց պրոգեստերոնի)` որպես փոխարինող հորմոնային բուժում:
- Տամօքսիֆենի երկարատև ընդունում, որը նշանակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ:
- Փոքր կոնքի օրգանների ճառագայթային բուժում:
- Ժառանգական նախատրամադրվածություն: Արգանդի քաղցկեղով ընտանեկան պատմության առկայությունը մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը սերունդների և հարազատների մոտ:
Հիվանդության տեսակները: Արգանդի քաղցկեղի դասակարգումը
Տարբերում են արգանդի քաղցկեղի հետևյալ ձևաբանական տեսակները.
- Ադենոկարցինոմա,
- տափակբջջային քաղցկեղ,
- տափակբջջային գեղձային քաղցկեղ,
- լուսաբջջային ադենոկարցինոմա,
- շճային քաղցկեղ,
- լորձային քաղցկեղ,
- չտարբերակված քաղցկեղ:
Արգանդի քաղցկեղի ախտանիշները: Ինչպե՞ս է դրսևորվում հիվանդությունը
Արգանդի քաղցկեղի առանձնահատկությունն այն է (ի տարբերություն այլ չարորակ հիվանդությունների), որ վերջինս, որպես կանոն, արդեն նկատելի է դառնում հիվանդության զարգացման շատ վաղ շրջանում: Դա հնարավորություն է տալիս ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել և լիովին ապաքինման հույս ունենալ: Ամենատարածված ախտանիշը հեշտոցային արյունահոսությունն է:
Դաշտանադադարում գտնվող կանանց մոտ ցանկացած արյունահոսություն ախտաբանական է, և անհրաժեշտ է բժշկի դիմել:
Նախադաշտանադադարում գտնվող կանայք պետք է խորհրդակցեն բժշկի հետ, եթե արյունահոսությունն առաջանում է դաշտանների միջակայքում: Հայտնի են հեշտոցային արյունահոսության այլ պատճառներ ևս, որոնք երբեմն բարորակ բնույթ են կրում, սակայն, ամեն դեպքում, պետք է բժշկի մոտ հետազոտվել: Հիվանդության ուշ փուլերում կարող է նաև ցավ լինել:
Հիվանդի գործողություններն արգանդի քաղցկեղի դեպքում
Կասկածելի ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և հետազոտվել: Ախտորոշման հաստատման դեպքում անհրաժեշտ է անհապաղ բուժում սկսել: Պետք է կատարել բժշկի բոլոր նշանակումները, քանի որ արգանդի քաղցկեղը վաղ շրջանում կարելի է լիովին բուժել:
Արգանդի քաղցկեղի ախտորոշումը
Արգանդի քաղցկեղի ախտորոշումն իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումների իրականացումը.
- գինեկոլոգիական հետազոտման ժամանակ վերցված քսուկի բջջաբանական հետազոտություն,
- Արյան հետազոտություն (արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություններ, արյան մեջ օնկոմարկերների որոշում),
- արգանդի ուլտրաձայնային հետազոտություն,
- հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի զննում հիստերոսկոպի օգնությամբ,
- ֆլուորեսցենտային ախտորոշում,
- մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
- այլ ախտորոշիչ միջոցառումներ (բժշկի հայեցողությամբ):
Արգանդի քաղցկեղի բուժումը
Արգանդի քաղցկեղի բուժման նպատակը ո՛չ միայն ուռուցքի հեռացումն է, այլ նաև հիվանդության կրկնության կանխարգելումը: Այդ պատճառով արգանդի քաղցկեղի բուժման ժամանակ տարբեր բուժական միջոցառումներ են իրականացվում: Այդպիսի համալիր մոտեցումն առավել արդյունավետ է:
Արգանդի քաղցկեղի բուժման հիմնական եղանակները
- Վիրահատական միջամտություն: Արգանդի քաղցկեղի վիրահատության ծավալը որոշվում է հիվանդության ծանրության աստիճանով, հաշվի է առնվում նաև ուռուցքի չափը, կառուցվածքը և աճի տեսակը: Քաղցկեղի առաջին փուլում իրականացվում է արգանդի և հավելումների (փողեր և ձվարաններ) հեռացում, երկրորդ փուլում իրականացվում է ընդլայնված հիստերէկտոմիա՝ արգանդի, ձվարանների, տեղային ավշային հանգույցների միաժամանակ հեռացում՝ կոնքի բջջանքի և հեշտոցի վերին երրորդի հետ միասին: Ուշ շրջանում վիրահատական միջամտությունը հաճախ կրում է պալիատիվ (ամոքիչ) բնույթ և ուղղված է արգանդի քաղցկեղի բարդությունների վերացմանը (օրինակ` արյունահոսության դադարեցմանը): Հիվանդության սկզբնական շրջանում հնարավոր է փոփոխված հյուսվածքների լապարոսկոպիկ մեթոդով հեռացում: Այսպիսի վիրահատություններն իրականացվում են որովայնի ոչ մեծ անցքերի միջոցով: Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները տարբերվում են ոչ մեծ արյան կորստով և քիչ վնասումով:
- Ճառագայթային բուժում: Ճառագայթային բուժումն իրականացվում է արգանդի քաղցկեղի ցանկացած փուլում: Այս թերապևտիկ եղանակը կարելի է կիրառել ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ` վիրահատությունից հետո: Նախավիրահատական շրջանում ճառագայթային բուժումը կիրառվում է ուռուցքի չափերի փոքրացման նպատակով, որպեսզի վիրաբույժն ավելի հեշտությամբ վիրահատի: Վիրաբուժական միջամտությունից հետո ճառագայթային բուժումն իրականացվում է վիրահատությունից հետո մնացած չարորակ բջիջների ոչնչացման նպատակով: Սա անհրաժեշտ է իրականացնել, քանի որ մնացած չարորակ բջիջները կարող են նորից ուռուցքային աճ տալ: Այն դեպքերում, երբ վիրահատական բուժումն անհնար է, ճառագայթային բուժումը կարող է դիտարկվել որպես բուժման հիմնական տեսակ:
Ներկայում արգանդի քաղցկեղի ժամանակ կիրառվում է ճառագայթային բուժման երկու տարատեսակ՝ արտաքին ճառագայթում և բրախիթերապիա: Արտաքին ճառագայթման դեպքում ճառագայթումն իրականացվում է մեծ սարքավորման միջոցով, որը ճառագայթերն ուղղում է դեպի թիրախային օրգան: Ճառագայթային բուժման յուրաքանչյուր միջոցառումը տևում է մի քանի րոպե: Ուռուցքի չափերով պայմանավորված՝ այն կարող են իրականացնել մի քանի շաբաթ՝ շաբաթական 5 օր: Բրախիթերապիան ներքին ճառագայթային բուժումն է: Տվյալ դեպքում ուռուցքի շրջանում պատվաստվում են ռադիոակտիվ պատիճներ, որոնք որոշ ժամանակի ընթացքում ճառագայթում են ուռուցքը: Բրախիթերապիայի կուրսից հետո պատիճը հեռացնում են: Բրախիթերապիայի առավելությունը քիչ կողմնակի ազդեցություններն են, մինչդեռ արտաքին ճառագայթումը հաճախ սրտխառնոց, փսխում, լուծ և միզարձակման խանգարումներ է առաջացնում:
- Քիմիաթերապիա: Քիմիաթերապիայի ժամանակ կիրառվում են ցիտոստատիկ դեղեր, որոնք քայքայում են չարորակ ուռուցքի բջիջները: Հիվանդության կրկնության կանխարգելման նպատակով քիմիաթերապիան կիրառվում է ուռուցքի վիրահատական հեռացումից հետո: Հիվանդության ծայրահեղ փուլերում քիմիաթերապիան իրականացվում է ճառագայթային բուժման հետ միասին:
- Քիմիաթերապիան հիմնականում իրականացվում է ներերակային մեթոդով: Որպես կանոն, այն ցիկլերով է իրականացվում՝ ամբուլատոր և ստացիոնար պայմաններում: Քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների սպեկտրը հիմնականում պայմանավորված է քիմիաթերապևտիկ դեղի տեսակով:
- Հորմոնային բուժում: Ինքնուրույն տարբերակով հորմոնային բուժում ստանում են երիտասարդ կանայք, ովքեր ցանկանում են պահպանել պտղաբերությունը և իրականացնել վերարտադրողական ֆունկցիա, ընդ որում, միայն առաջին փուլում, քանի դեռ ուռուցքը դուրս չի եկել էնդոմետրիումի սահմաններից և կանացի սեռական հորմոնների (էսթրոգենի և պրոգեստերոնի) նկատմամբ պարունակում է ռեցեպտորներ: Այս բուժումն իրականացվում է միայն խոշոր ուռքուցքաբանական կենտրոններում:
Արգանդի քաղցկեղի բարդությունները
Արգանդի քաղցկեղը ծանր չարորակ հիվանդություն է: Եթե այն ժամանակին չբուժվի, ապա կբարդանա մետաստազներով` ի վերջո հանգեցնելով մահվան:
Արգանդի քաղցկեղի կանխարգելումը
Արգանդի քաղցկեղի կանխարգելման հիմնական մեթոդներից մեկը հիպերէսթրոգեն վիճակի վերացումն է: Հաշվի առնելով այն փաստը, որ էսթրոգենների բարձր մակարդակը բերում է էնդոմետրիումի գերաճի, արգանդի խոռոչի պատերի քերումից հետո անհրաժեշտ է պրոգեստերոններով համապատասխան հորմոնային բուժում իրականացնել:
Հիշե՛ք, վաղ ախտորոշումը հիվանդության հաջող բուժման գրավականն է: Այդ պատճառով կանոնավոր կանխարգելիչ զննումները հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում, երբ հնարավոր է ուռուցքը հեռացնել ամբողջությամբ՝ առանց առողջության համար լուրջ հետևանքների:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն